Ջավախքի Գումբուրդո գյուղում խաչքարի տեղադրման խնդիրը կարող է լուծվել կոնսենսուսի միջոցով։ «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Վրաստանի հարցերով մասնագետ Ջոննի Մելիքյանը։

Փորձագետը հիշեցրեց, որ Վրաստանի տարածքում հայկական ու քաղկենդոնյան ժառանգության շատ հուշարձաններ կան։ Գումբուրդո գյուղում եկեղեցին 10-րդ դարին է պատկանում, հայերն այն օգտագործում են 15-րդ դարից։ Մասնագետը նշեց, որ եկեղեցին պատկանում է Վրաց Ուղղափառ եկեղեցուն։ Ինչ վերաբերում է հայկական գերեզմաններին, այդ գործընթացը սկսվել էր անցյալ տարի, հայկական համայնքը մասնակցում է դրան։ Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հոկտեմբերի վերջին նորից վերադառնալ թեմային։ Քանի որ տարածքը եւ եկեղեցին Վրաստանի ուղղափառ եկեղեցուն են պատկանում, երկրի իշխանությունները չեն կարող խառնվել, եւ առաջարկել են հարցը լուծել եկեղեցիների միջեւ։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող է լուծվել խնդիրը՝ Մելիքյանը նշեց, որ կողմերը կարող են կոնսենսուսի գալ եւ որպես տարբերակ՝ խաչքարի փոխարեն տապանաքար տեղադրել։

Իսկ «Ջավախք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանի կարծիքով հարցը եկեղեցու լուծմանը ենթակա չէ։ «Համայանքն ուզում է վերահուղարկավորել իր նախնիների մասունքները եւ խաչքար դնել։ Պետք է առանձնացնել եկեղեցու պատկանելիության եւ խաչքար տեղադրելու հարցերը»,– ասել է նա՝ հավելելով, որ կարեւորն այն է, որ միջադեպը չանդրադառնա հայ–վրացական հարաբերություններին։