ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ–ն աջակցում է Արցախում «հնարավորինս արագ եւ հանգամանալից» ականազերծման աշխատանքներն ավարտին հասցնելուն։

Պետքարտուղար Թիլերսոնը հաստատել է Պետդեպի աջակցությունն առաջարկով, որը ներկայացրել էր Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ դեմոկրատ Էլիոթ Էնգելը։ Օրենսդիրները կոչ են արել հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, ընդլայնել սահմանին մշտադիտարկումը եւ կրակահերթի հայտնաբերման համակարգեր տեղակայել։

Թիլերսոնն աջակցություն է հայտնել Կոնգրեսականներ Բրեդ Շերմանի եւ Դեւիդ Չիչիլլինի հարցումներին, եւ նրա գրավոր պատասխանը հրապարակվել է այս շաբաթ։

«Պետդեպը պաշտպանում է դիպուկահարներին  հետ քաշելու, ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմներ գործարկելու եւ շփման գծին ու հայ–ադրբեջանական սահմանին հաղորդիչներ տեղակայելու առաջարկները։ ԱՄՆ–ը Մինսկի խմբի գործընթացի մասնակից է, որն ուղղված է վստահության  միջոցների ամրապնդմանը, որը մեր կարծիքով կկրճատի բռնության թիվը հակամարտության գոտում»,– ասել է Թիլերսոնը։