Ճիշտ չէ Գումբուրդոյի միջադեպը որակել որպես վրացի ոստիկանների եւ  հայերի միջեւ բախումներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Jnews.ge կայքի թղթակից Աղունիկ Այվազյանը՝ հավելելով, որ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Նրա խոսքով՝ իրականում միայն մեկ միջադեպ է եղել, որի ժամանակ հայ գյուղացիներին ծեծել են հայ ոստիկանները. «Ճիշտ չէ միջադեպը որակել որպես վրացի ոստիկանների եւ  հայերի միջեւ բախումներ»:

Հիշեցնենք, որ Ջավախքում սեպտեմբերի 30-ի առավոտյան բախումներ են եղել Գումբուրդո քաղաքի բնակիչների եւ ոստիկանների միջեւ: Բնակիչները ցանկացել են X դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել, քանի որ այնտեղ թաղված են իրենց նախնիների ոսկորները: Ոստիկանները նրանց ներս չեն թողել՝ ասելով, որ ունեն համապտասխան հրաման: Իրավիճակը թեժացել է, դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության զորքերը: