Փորձագետները չեն  բացառում, որ Ջավախքի Գումբուրդո գյուղում խաչքար տեղադրելու հետ կապված սադրանքներ են հնարավոր։

«Մեդիա կենտրոնում» օնլայն ասուլիսի ժամանակ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոննի Մելիքյանը նշեց, որ ինչ–որ մեկը կարող էր փորձել դրանով ի ցույց դնել Վրաստանի իշխանությունների ոչ կոմպետենտությունը։ Նա նշեց, որ մասունքների վերահուղարկավորության ու խաչքարի տեղադրման խնդիրն առկա էր դեռ անցյալ տարվա ապրիլից։ «Հիմա պետք է հասկանալ, եթե հարցը հոկտեմբերի վերջին քննարկելու պայմանավորվածություն է եղել, ինչի՞ համար էր պետք հիմա խաչքարը տեղափոխել եկեղեցու տարածք, թեպետ հայտնի էր, որ այնտեղ ոստիկանները պարեկություն են իրականացնում, ինչպես ցանկացած վայրում, որտեղ ռեստավրացիա է ընթանում։ Ինչ–որ տեղ սադրանք է տեղի ունեցել»,– ասել է Մելիքյանը։

«Ջավախք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանը կարծիք հայտնեց, որ սադրանքի համար բարենպաստ հող է պետք։ Նա նաեւ  հիշեցրեց, որ գյուղացիները պատասխան քայլեր են ձեռնարկում։ «Ինչու՞ է գործ հարուցվել գյուղացիների նկատմամբ, բայց գործ չկա հատուկ նշանակության ջոկատայինների դեմ։ Միգուցե, նրանք չարաշահել են լիազորությունները։ Անհրաժեշտ է բազմակողմանի ուսումնասիրել հարցը եւ մեղավորներին պատասխանատվության կոչել»,– ասաց Ավետիսյանը։

«Ալիկ» վրացական մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի խոսքով՝ եկեղեցու պատկանելիության հարցը շեշտելը Պանդորայի արկղ է բացում։ Նա կարծում է, որ անհրաժեշտ է հարցը տեղայնացնել եւ դիտարկել իրավական հարթակում։ «Սակայն խաչքար տեղադրելը դրա սահմաններից դուրս է գալիս։ Առաջանում է բարոյական հարցի լուծման անհրաժեշտություն՝ հաշվի առնելով, որ խաչքարը խորհրդանշական հուշարձան է։ Այն պետք է օծվի»։ Խառատյանը նույնպես չի բացառում սադրանքի հնարավորությունը։ «Համացանցում կարծիք էր շրջանառվում, որ դա կապ ունի առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ»,– ասել է Խառատյանը։