Այս տարի սեպտեմբերին Վրաստան է այցելել 763 հազար 729 արտասահմանան քաղաքացի, ինչը 20,9 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշի համեմատությամբ: Նրանցից ավելի քան 380 հազարը զբոսաշրջիկներ են եղել, այսինքն՝ երկրում են մնացել մեկ օրից ավելի, ինչը 24,8 տոկոսով ավելի է 2016 թվականի նույն ցուցանիշից: Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ կայքում հրապարակված վիճակագրական տվյալներում:

2017 թվականի սեպտեմբերին այցելուների թվով առաջին տեղում են ՌԴ քաղաքացիները՝ 157 հազար 318, ինչը 32 տոկոսով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում են Ադրբեջանի քաղաքացիները՝ ավելի քան 151 հազար մարդ, որը անցյալ տարվա ցուցանիշից 15,6 տոկոսով ավելի է:

Առաջատարների եռյակը եզրափակում են Հայաստանի քաղաքացիները: Սեպտեմբերին Վրաստան է այցելել Հայաստանի ավելի քան 146 հազար քաղաքացի, որն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 11,8 տոկոսով ավելի է:

Ընթացիկ տարվա հունվարից սեպտեմբեր Վրաստան է այցելել ավելի քան 5,8 մլն արտասահմանցի, ինչը 19,2 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշի համեմատությամբ: Նրանցից մոտ 2,5 մլն-ը զբոսաշրջիկներ էին, ինչը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 29,4 տոկոսով ավելի է, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: