«Սասնա ծռեր» խմբի գործով վարույթներն իրարից արհեստականորեն են տարանջատվում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով  «Սասնա ծռեր» խմբի 14 եւ 18 անդամի գործը անջատելուն:

«Հերթական անգամ դատավորի փոփոխության գործընթաց տեղի ունեցավ, սակայն, առանց ինքնաբացարկի: Նպատակը գործերը տարանջատել եւ այլ դատավորների հանձնելն է: Ես չեմ բացառում, որ այս գործերը այլ դատարանների շենքերում կլինեն՝ նպատակը հնարավորինս տարանջատելն ու հնարավորինս իրարից հեռու իրականացնելն է»:

Փաստաբանի խոսքով, գործերն անջատելու սկզբունք չկա, հաշվի են առել, թե դատավոր Արտուշ Գաբրիելյանը «ավելի հեշտ որ մասը յոլա կտանի»:

«Այս ամեն ինչից արդարադատությունը տուժելու է, քանի որ գործերի կիսման արհեստական գործընթացը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: Անհնար է նույն գործը նույն ապացույցների շրջանակներում, նույն տուժողներով, ամբաստանյալներով եւ վկաներով 3 տարբեր տեղերում քննելը: Վկան մի տեղում հարցաքննվում է, հետո գնում է մյուս դատարաբ եւ արդեն իմանում է, թե ինչ հարցեր են իրան տալու»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործը կիսեց: Արտուշ Գաբրիելյանը այս առանձնացված մասին ավելացնելու է անցած շաբաթ կիսված մասը՝ 7 ամբաստանյալների վերաբերյալ եւ քննելու է միասին: Այսպիսով՝ «Սասնա ծռերի» գործը կքննվի 3 առանձին վարույթներում:

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի մասով գործն անցած շաբաթ եւս կիսվել էր, անջատված մասով գործը տրվել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանին: