Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին 2 զեկույցները դրվել են ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգում։

Մեկը վերաբերում է ժողովրդավարական ինստիտուտներին, իսկ  մյուսը՝ մարդու իրավունքներին։

Վեհաժողովն առաջին օրը կքվեարկի ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականի հարցով։ Նույն օրը կհայտարարվի Վացլավ Հավելի անվան մրցանակի դափնեկրի անունը։

Հոկտեմբերի 9-13–ը կայանալիք աշնանային նստաշրջանի ընթացքում ելույթ կունենան նաեւ Չեխիայի  նախագահ Միլոշ Զեմանը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։ Հարցերին կպատասխանի նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը։

Օրակարգում նաեւ ԻՊ–ի իրականացրած ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վերաբերմունքն է, անդամների թափանցիկության ու հաշվետվողականության խրախուսման նոր առաջարկները, Ռոհինջա մուսուլմանների խնդիրը եւ Կատալոնիայի ճգնաժամը։