ՀԱՊԿ-ն ոչ մի կերպ չի արձագանքել սահմանային միջադեպերին Հայաստանում: Այս մասին հոկտեմբերի 4-ին խորհրդարանում ասել է «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի եւ Ռուսաստանի Միացյալ զորքերի խմբավորման կանոնակարգի քննարկման ժամանակ: Նրա խոսքով, եթե ղարաբաղյան միջադեպերի ժամանակ ՀԱՊԿ ղեկավարությունը չի կարողանում բացատրել իր լռությունը, ապա ավելի դժվար կլինի նրան հասկանալ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ։

Դրան ի պատասխան՝ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ անդամակից երկրները դիմում են   ՀԱՊԿ, եթե իրենք չեն կարողանում ապահովել իրենց անվտանգությունը: «Իսկ մեր զինված ուժերը կատարել եւ կատարում են իրենց առջեւ դրված առաջադրանքները»,-ավելացրել է Զաքարյանը: