Մաքսային արժեքի որոշման ժամանակ գործարքների 68 տոկոսի դեպքում կիրառվում է գործարքի գնի մեթոդը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ ներկայացնելով այս տարվա առաջին 9 ամիսների տվյալները:

«Իհարկե, դա էլ գոհացուցիչ չէ։ Կան ռիսկային երկրներ, որոնցից բերված ինվոյսները կասկածի տեղիք են տալիս, այդ դեպքում կիրառվում են հսկիչ գները»,-ասաց նա:

Վարդան Հարությունյանը տեղեկացրեց, որ 2017 թվականի 8 ամիսների տվյալներով Հայաստան ներկրվող ավտոմեքենաների թիվը կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Մասնավորապես, եթե 2016-ի առաջին 8 ամիսներին ներկրվել է 10.673 ավտոմեքենա, ապա 2017-ին արդեն 21 266 ավտոմեքենա:

ՊԵԿ նախագահի խոսքով, այդ 21 հազարից մոտ 18 հազարը մինչեւ 5000 դոլարանոց մեքենաներն են։ «Այժմ հնարավորություն ենք տվել, որ մեքենա ներկրող անձը այլընտրանք ունենա, մեզ կայքերից ցույց տա, թե որտեղից է գնել, որ կայքի միջոցով եւ եթե հիմնավորվում է այդ գինը, հիմք ենք ընդունում դա։ Որոշ ճարպիկներ, իհարկե, փորձում են կեղծ կայքեր ստեղծել եւ կեղծ գներ ներկայացնել, բայց դա հայտնաբերվող խնդիր է»,-ասաց Վարդան Հարությունյանը: