Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով ամբաստանյալներից մեկը մեղքն ամբողջությամբ իր վրա է վերցրել: Մեղադրյալ Արթուր Միհրանյանը Երեւանի Աջափնյալ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք է տվել եւ նշել, որ Կարեն Վարդանյանին ինքն է սպանել եւ մյուս ամբաստանյալ Գեւորգ Զոհրաբյանը մասնակցություն չի ունեցել դրան: Նշենք, որ Արթուր Միհրանյանը նախաքննության ընթացքում այլ ցուցմունք էր տվել՝ նշելով, որ հանցագործությունը միասին են կատարել:

Հոկտեմբերի 10-ին կայանալիք նիստում ցուցմունք կտա Գեւորգ Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Ախթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարով բազմաթիվ հարվածներ էին հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով տեղափոխել են Երեւան եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։

Զոհրաբյանին եւ Միհրանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: