Հայաստանն անգամ չի հասցրել Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ դառնալ, որ հնարավոր լինի խոսել այս կազմակերպությունից նրա դուրս գալու մասին: Հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը՝ մեկնաբանելով ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին «Ելք» դաշինքի առաջարկը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սկզբում շատերի մոտ մեծ թերահավատություն առաջացրեց, քանի որ որոշումն ընդունվեց մեկ գիշերում: «Գլխավորը այս կազմակերպությունում մեր տեղն ու դերը գիտակցելն է, մենք այս համագործակցությունից օգուտներ ունենք, թե ոչ»,- պարզաբանեց Առաքելյանը՝ հավելելով, որ Հայաստանի տնտեսական խնդիրները եղել են նաեւ Միությանն անդամակցելուց առաջ, եւ ԵՏՄ-ն ոչ մի կապ չունի այն ճգնաժամի հետ, որի մեջ Հայաստանի տնտեսությունը տարիներ շարունակ գտնվում է:

Դրա հետ մեկտեղ, փորձագետը նշեց, որ Հայաստանի տնտեսությունը դեռեւս մինչ ԵՏՄ-ին անդամակցելը, սերտորեն կապված էր ռուսականին, եւ Ռուսաստանի տնտեսության մեջ ծագող խնդիրներն ուղղակիորեն ազդում էին Հայաստանի տնտեսական իրավիճակի վրա: Այսպես, Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ միջազգային շուկայում նավթի գնանկումից հետո Ռուսաստանի տնտեսությանը ծանր հարված հասցվեց, եւ Հայաստանը դարձավ դրա անուղղակի զոհը:

Ըստ որում՝ փորձագետը հոռետեսորեն է վերաբերվում ոմանց այն սպասումներին, որ ԵՏՄ-ից դուրս գալու պարագայում Հայաստանը կկարողանա ԵՄ-ի հետ ավելի շահավետ համաձայնագիր կնքել, քանի որ երկիրը գործնականում նշանակալի սեփական արտադրություն չունի, իսկ այն, ինչ արտադրվում է, չի համապատասխանում եվրոպական շուկայի պահանջներին, որոնք զգալիորեն ավելի բարձր են:

Տնտեսագետը նշեց, որ Վրաստանն ու Թուրքիան, որոնք ԵՏՄ անդամ չեն եւ Ռուսաստանի հետ շատ բարեկամական հարաբերություններ ունեն, նրա հետ ավելի աշխույժ առեւտուր են անում, քան Հայաստանը: