Ըստ նախնական տվյալների՝  Ալմաթիի մոտակայքում ընկած ինքնաթիռի մեջ կային Ղրղզստանի երկու քաղաքացիներ, հայտնում է  Sputnik–ը՝ հղում անելով հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Տեղեկատվության մեջ ասվում է, որ Ալմաթիում Ղրղզստանի Գլխավոր հյուպատոսությունը անմիջապես կապ է հաստատել Ղազախստանի ներդրումների եւ զարգացման նախարարության տրանսպորտային հետաքննության դեպարտամենտի հետ:

Ան-28 ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 3-ին: Օդանավը Ալմաթիից ուղեւորվում էր Շիքմենթ՝ մորը եւ փոքրիկին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Բոլոր 5 ուղեւորները՝ անձնակազմի երեք անդամները եւ երկու բժիշկները մահացել են:

Ղրղզստանի ԱԳՆ տվյալների համաձայն՝ ինքնաթիռը տեղական ժամանակով 18:35-ին վերելք էր կատարել եւ արդեն 10 րոպե անց անհետացել է եւ կապի դուրս չի եկել: Ինքնաթիռը թռիչքի վայրից 28 կմ հեռավորության վրա կործանվել է։

Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների համաձայն՝ 1963 թվականին ծնված օդաչուն եւ 1961 թվականին ծնված ինժեները  Ղրղզստանի քաղաքացիներ են: Այժմ ընթանում է մարմինների ճանաչման գործընթացը: Ինքնաթիռի վթարի պատճառի հետաքննությունը շարունակվում է: