Լաս Վեգասում հրաձգության ժամանակ հերոսություն է դրսեւորել ԱՄՆ ծովային հետեւակի վետերան Թեյլոր Ուինսթոնը, որը ավելի քան 30 վիրավորի է փրկել։ 29-ամյա Ուինսթոնը ծառայել էր Իրաքում։ Լաս Վեգասում նա հանգստանում էր իր ընկերների եւ ընկերուհու հետ, երբ հանկարծակի կրակոցներ էին հնչել, հայտնում է USA.one–ը։

«Դրանք ավելի ու ավելի բարձր էին դառնում, մարդիկ սկսեցին ընկնել։ Մենք վազեցինք ցանկապատի մոտ, ես սկսեցի օգնել մարդկանց ցատկել դրա վրայով»,– պատմում է նա։

Այդ ժամանակ Թեյլորը մոտակայքում կայանած Chevrolet էր տեսել, որի վրա բանալիներ էին եղել։ Նա սկսել էր վիրավորներին մեքենայով տեղափոխել դեպքի վայրից եւ հասցրել էր Desert Springs հիվանդանոց։Դրանից հետո նա նորից վերադարձել էր եւ օգնել էր մյուսներին նույնպես հասնել հիվանդանոց։ Այդպիսով նրան հաջողվել էր ավելի քան 30 մարդու կյանք փրկել։ «Չեմ ուզում, որ ինձ հերոս անվանեն։ Այնտեղ շատ խիզախ մարդիկ կային»,– ասել է նա։