Հոկտեմբերի 4-ին Երեւանում կայացել է առեւտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը։

Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, լիտվական կողմի համանախագահն է ԼՀ էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկյավիչուսը:

Նիստին մասնակցել են Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը եւ Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը։

Նիստի բացմանը իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Կարայանը նշել է. «Կցանկանայի ընդգծել, որ միջկառավարական հանձնաժողովի այս ձեւաչափը առաջնահերթ նշանակություն ունի առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հայ-լիտվական համագործակցության ընդլայնման համար: Նման հանդիպումները լավ հնարավորություն են զարգացնելու առկա տնտեսական կապերը, ինչպես նաեւ ուղենշելու համագործակցության նոր ոլորտները:

Արդեն կայացել են երկու կողմի փորձագետների հանդիպումները, որոնց շրջանակներում մեր երկու երկրների տարբեր ոլորտների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել տեղեկատվություն փոխանակել տնտեսական ծրագրերի մասին, ինչպես նաեւ քննարկել եւ արդյունավետ պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ տնտեսական եւ գործարար կապերի կայացման եւ խորացման համար, որոնք ժամանակի ընթացքում, անկասկած, կվերածվեն երկարաժամկետ եւ տնտեսապես փոխշահավետ համագործակցության»:

Մինդաուգաս Սինկյավիչուսը իր հերթին շեշտել է, որ կարեւոր է ակտիվորեն օգտագործել այս ձեւաչափը երկու երկրներն ավելի մտերմացնելու համար: «Մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ: Կոչ եմ անում ուսումնասիրել եւ օգտագործել բոլոր հնարավորությունները տնտեսական կապերի հետագա զարգացման համար», - ասել է Լիտվայի էկոնոմիկայի նախարարը:

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Լիտվայի միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարները:

Նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահներ Սուրեն Կարայանը եւ Մինդաուգաս Սինկյավիչուսը ստորագրել են նիստի Արձանագրությունը, որով սահմանվել են հետագա համագործակցության ուղղությունները: