Երեւանում հերթական կրակոցներն են հնչել: Դեպքը տեղի է ունեցել Նորագավիթում: Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ: Տուժածը՝ 48-ամյա Սամվել Ավագյանը, վաղ առավոտյան հիվանդանոցում մահացել է: Մեր տեղեկություններով՝ Սամվել Ավագյանն իրենց բակում նստած է եղել, երբ մեքենայով անհայտ անձինք են մոտեցել ու կրակել նրա ուղղությամբ: Ընկերներն ու հարազատները տարակուսած են. կրակոցներին որեւէ միջադեպ չի նախորդել, չգիտեն նաեւ, թե ով եւ ինչու է դա արել: Սամվել Ավագյանն ամուսնացած էր,  երեխաներ ունի: Իսկ Ավագյանի ուղղությամբ կրակոցներ արձակած անձին հայտնաբերել են: Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Երեւանի 46-ամյա բնակիչ Գ.Հովհաննիսյանը:

Ազգային ժողովի այսօրվա նիստը մեկնարկել է մի քանի օրինագծերի եւ նախագծերի քվեարկությամբ: Խորհրդարանը ձայների 10 «կողմ» եւ 79 «դեմ» հարաբերակցությամբ մերժել է ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք»-ի առաջարկը: Խմբակցության՝ դահլիճում ներկա 7 պատգամավորներից բացի, նախագծին կողմ են քվեարկել նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից Գեւորգ Պետրոսյանն ու ՀՅԴ-ից Ռոմիկ Մանուկյանը, ինչպես նաեւ Արտաշես Գեղամյանը: Վերջինը, սակայն, հայյտարարել է, թե սխալմունք է եղել: Որո՞նք են լինելու «Ելք»-ի հետագա քայլերը:

Ընդունվել են նաեւ «Երեւանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ուղղումները: Ընդդիմությունը, ինչպես նախապես հայտնել էր, դեմ է քվեարկել: Նրանք անընդունելի են համարում քաղաքային հանրաքվե նախաձեռնելու իրավունքից ավագանու խմբակցություններին զրկելու փոփոխությունը:

Պատգամավորները քննարկել են նաեւ «Պաշտպանական համակարգեր» ռուս-բելառուսական ֆինանսա-արդյունաբերական խմբին միանալու մասին համաձայնագիրը: Դրա շրջանակում Հայաստանն այս 2 երկրներում կարող է արտոնյալ պայմաններով ռազմական տեխնիկա վերանորոգել, նման ծառայություն կարող է առաջարկել նաեւ մեր երկիրը: Նիկոլ Փաշինյանը որոշել է կատակով արձագանքել, նույնիսկ կատակելու թույլտվություն է խնդրել: Կատակին կատակով է պատասխանել նաեւ Արտակ Զաքարյանը:

Հայ-ռուսական զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելու հարցի քննարկման ժամանակ արդեն Նիկոլ Փաշինյանի՝ կատակելու տրամադրությունը վերացել է: Կարծում է, որ Ռուսաստանի նման դաշնակցին վստահել չի կարելի: Հայաստանին «Իսկանդեր»-ներ է փոխանցել, փոխարենը Թուրքիային Ս-400-ներ է վաճառել, որոնցով Անկարան կարող է օգնել Բաքվին:

Վերջին օրերին Հայաստանում մի շարք ապրանքներ թանկացել են, մասնավորապես՝ բենզինը, կարագը, մսամթերքը: Լրագրողներն այդ մասին հարցրել են հանրապետական մի քանի պատգամավորների: Նրանց մեծ մասը, պարզվել է, թանկացումներից տեղյակ չէ: Ալիկ Սարգսյանն էլ ասել է՝ գնումներով կինն է զբաղվում, եւ իրեն «դեռ չի զեկուցել այդ մասին»: Թանկացումների մասին հարց են ուղղել նաեւ խորհրդարան եկած գյուղնախարարին: Իգնատի Առաքելյանը դա պայմանավորվել է պահանջարկի ավելացմամբ: Երաշտն անասունների գլխաքանակի վրա չի ազդել, ուրեմն՝ դա չի կարող պատճառ լինել, փոխարենը մսի գնի վրա կարող էր ազդել խոտի թանկացումը, մսի եւ մսամթերքի արտահանման աճը:

Սոցփաթեթների շահառուների մի մասին սպասարկող ապահովագրական ընկերություն է ընտրվել նաեւ «Ինգո Արմենիա»-ն, որը պատկանում է առողջապահության նախարարին. ընդ որում, լուրերի համաձայն, առյուծի բաժինը: Լեւոն Ալթունյանն վստահեցրել է՝ լծակներ չի օգտագործել: Արմեն Ամիրյանին լրագրողները հարցրել են հնարավոր պաշտոնանկության մասին լուրերից: Մշակույթի նախարարը դրանք բամբասանք է որակել: Տեղեկություններ կան, որ նախագահականում դժգոհ են նրա աշխատանքից, արդյո՞ք հանդիպել է Սերժ Սարգսյանին:

«Սասնա ծռերի» գործն այսուհետ կքննվի 3 առանձին վարույթներում: Խմբի 14 անդամի գործը նույնպես, ինչպես սպասվում էր, կիսվեց. դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր որոշում է հրապարակել, ըստ որի՝ 14 անդամից ինքը միայն մի մասի դատաքննությունն է վարելու: Գաբրիելյանն առանձնացված մասին ավելացնելու է անցած շաբաթ կիսված մասը՝ 7 ամբաստանյալների վերաբերյալ եւ քննելու է միասին: Թե ո՞վ է քննելու այսօր անջատված մասով գործը, դատավորը չի հայտնել: Սակայն լուրեր կան, որ այն հանձնելու են Կենտրոնի դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, որը 6 ամսով Կենտրոնից էրեբունու դատարան է ուղարկվել: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ «Սասնա ծռեր»-ի 18 անդամի մասով գործը նույնպես կիսվել է, իսկ անջատված մասը տրվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանին: Փաստաբաններն ասում են՝ գործերը կիսելու իրավական սկբունքներ գոյություն չունեն: Երվանդ Վարոսյանի խոսքով՝ դրանք կիսվում են մեկ սկզբունքով. Արտուշ Գաբրիելյանն «ավելի հեշտ ո՞ր մասը յոլա կտանի»:

Հայաստանի որոշ շրջաններում, մասնավորապես, Գեղարքունիքում, Վայոց ձորում եւ Սյունիքում ձյուն է տեղացել: Գավառում ձյան շերտը մինչեւ 3 սմ-ի է հասել: Այստեղ ձյունը սկսել է տեղալ գիշերը, իսկ օրվա ընթացքում վերածվել է անձրեւի: Գեղարքունիքում բերքահավաքը նոր է սկսվել, եւ տեղացած ձյունը կարող է մեծ վնաս հասցնել գյուղատնտեսությանը: Գյուղացիները հասցրել են հավաքել կարտոֆիլի բերքի ընդամենը 10-15 տոկոսը, իսկ միրգը դեռեւս ամբողջությամբ ծառերին է: Ձյան ծանրությունից նաեւ մեծ թվով պտղատու ծառեր են ջարդվել: Մարզպետարանում դեռ դժվարանում են խոսել կրած վնասի չափերի մասին, սակայն գյուղնախարարությանն արդեն տեղեկացրել են ստեղծված իրավիճակի մասին:

Ձյան պատճառով Գավառի եւ Մարտունու մի շարք գյուղեր էլ հոսանքազրկվել են: Տեղումներին, պարզվում է, պատրաստ չեն եղել նաեւ վարորդները: Գիշերը Վայոց ձորի Սարավան գյուղի մոտակայքում մի ավտոմեքենա մերկասառույցի պատճառով ճամփեզրին արգելափակվել է:

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ: Հոկտեմբերի 4-ին դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 562, ռուբլունը՝ 8 դրամ 28 լումա, ֆունտինը՝ 634 դրամ:

Հոկտեմբերի 5-ին հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը 6-8 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն: