Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ մեր հանդիպումը շատ արդյունավետ է եղել եւ մենք քննարկել ենք հակամարտության հետ կապված բազմաթիվ հարցեր: Այս մասին Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերը:

«Տեղյակ եմ հակամարտության մասին: Այն իրոք բարդ է, որի խաղաղ կարգավորման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ, մենք շարունակելու ենք պարբերաբար այցելել տարածաշրջան»,- «Արցախպրես»-ի  հաղորդմամբ՝ ասել է Էնդրյու Շոֆերը:

Հիշեցնենք, որ ամերիկացի համանախագահն այսօր հանդիպել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի եւ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի հետ:

Հանդիպումներին քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, սահմաններում տիրող իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկուստեք կարեւորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման եւ այս ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: