Նախագահ Դոնալդ Թրամփին մինչեւ հոկտեմբերի 15-ը Իրանի միջուկային ծրագրի հետագա համաձայնագրի շուրջ մի քանի տարբերակներ կներկայացվեն: Մինչ այդ Կոնգրեսը պետք է որոշի` արդյոք Իրանն իրականացնում է համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է Reuters-ը:

«Մենք նախագահին Իրանի հանդեպ քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ կներկայացնենք», - ասել է նա:

Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ԱՄՆ-ն ինչ ճանապարհ կընտրի միջուկային համաձայնագրի վերաբերյալ, դա կներկայացնի Իրանի նկատմամբ Վաշինգտոնի ընդհանուր քաղաքականության միայն մի մասը: Նա նշել է, որ միջուկային համաձայնագիրը Իրանի հետ հարաբերություններին վերաբերող հարցերից մեկն է:

 «Սա կարեւոր, բայց միակ հարցը չէ: Ես բազմիցս ասել եմ, մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանի հետ հարաբերությունները որոշվեն միայն այս միջուկային համաձայնագրով », - ասել է Թիլերսոնը: