«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում ՀՀ զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ուշագրավ ելույթ է ունեցել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս, որպես կանոն, աշխատում է ձեռնպահ մնալ էմոցիոնալ գնահատականներից` իր խոսքը կառուցելով փաստերի հիման վրա: Այսօր Շարմազանովը դավաճանել է իր սկզբունքին` մանիպուլյացիայի միջոցով փորձելով մոտիվացնել Հայաստանի ինքնիշխանության օտարման հերթական ճչացող փաստը: «Խոսք գնաց այն մասին՝ Ադրբեջանը կարո՞ղ է ստորագրել այսպիսի մի համաձայնագիր ՌԴ-ի հետ: Ոչ, անհնար է, որովհետեւ Ադրբեջանն ու ՌԴ-ն տարբեր անվտանգային հարաբերությունների մեջ են: ՌԴ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը՝ ոչ: Ադրբեջանի միակ եւ ամենաուժեղ դաշնակիցը Թուրքիան է, որը տրամագծորեն այլ ռազմական դաշինքի մեջ է՝ Հյուսիսատլանտյան: Թուրքիան այն երկիրն է, որը Պակիստանի հետ մեկտեղ պաշտպանեց, խրախուսեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան Ապրիլյան պատերազմի ժամանակ: Վերջերս իրենց ազգային պաշտպանության նախարարը Բաքվում հայտարարեց, որ նրանք եղբայրներ են, եւ Թուրքիան ամեն ինչով պետք է սատարի Ադրբեջանին, հետեւաբար, Թուրքիան Ադրբեջանի հետ միասին մնում է ՀՀ-ի համար անվտանգության սպառնալիք, ՀՀ-ն միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը: Մենք պետք է լինենք այս կամ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ: Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, որովհետեւ այլընտրանք չկա: ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովի հնչեցրած մի քանի նախադասության մեջ կեղծիքն այնքան շատ է, որ դրան անդրադառնալը, թերեւս, ժամանակատար գործընթաց կլինի: Սակայն հարկ է անդրադառնալ Շարմազանովի ելույթի մի քանի սկզբունքային շեշտադրումների:

Եթե հետեւենք ՀՀԿ խոսնակի խոսքի տրամաբանությանը, ապա Ռուսաստանը չպետք է լիներ Ադրբեջանին սպառազինության հիմնական մատակարարը, որովհետեւ «Ադրբեջանն ու ՌԴ-ն տարբեր անվտանգային հարաբերությունների մեջ են»: Տեսականորեն, Շարմազանովը գուցե նույնիսկ ճիշտ է ասում` թեեւ առնվազն անհասկանալի է, թե անվտանգության որ համակարգում է Ադրբեջանը, սակայն փաստերը հակառակն են հուշում, որովհետեւ Ռուսաստանը ոչ միայն առատորեն սպառազինում է Ադրբեջանին, այլ դա անում է ակնհայտ ցինիզմով` արհամարհելով իր դաշնակից Հայաստանի կենսական շահերը: Անցած տարվա Քառօրյա պատերազմը, ի հեճուկս Շարմազանովի պնդումների, սադրել են ոչ թե Թուրքիան ու Պակիստանը, այլ հենց Ռուսաստանը, որը հակառակ միջնորդի առաքելությանը, սպառազինություն մատակարարելով Բաքվին` վերջինիս խաղաղության մեսիջի փոխարեն պատերազմի քարտ-բլանշ է տվել: Մյուս կողմից` եթե ՀՀԿ խոսնակն այդքան նեղվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող եւ, ըստ էության, թշնամական Թուրքիայի եւ Պակիստանի սուբյեկտիվ դիրքորոշումներից, ապա ինչո՞ւ է դեմ քվեարկում ԵՏՄ-ի հետ կապված «Ելք»-ի նախաձեռնությանը, երբ այդ միության անդամներ Ղազախստանն ու Բելառուսն ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշումներ ունեն, Նազարբաեւն անգամ հայտնի առիթով հրապարակայնորեն նվաստացրեց Շարմազանովի սիրելի նախագահին:

Կամ ո՞վ է թույլ տվել Շարմազանովին այդքան պրիմիտիվ դատողություններ անել անվտանգության համակարգերի մասին, ռուս-թուրքական սերտ ռազմա-տեխնիկական համագործակցության ֆոնին` արհեստականորեն նույնացնել Թուրքիան եւ ՆԱՏՕ-ն, երբ Հյուսիսատլանտյան դաշինքն ու Հայաստանն ունեն արդյունավետ գործընկերային հարաբերություններ, որոնք առհասարակ չեն պայմանավորվում թուրքական գործոնով: Արդյո՞ք պատմաբան Շարմազանովը տեղյակ չէ, որ այսօրվա Թուրքիան ավելի շատ նույնանում է Ռուսաստանի, քան` ՆԱՏՕ-ի հետ:

Կամ միթե կարճ ելույթում կարելի է այսքան մանիպուլյացիայի դիմել, միայն թե արդարացվի ելույթի «Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ն, որովհետեւ այլընտրանք չկա» եզրափակիչ նախադասությունը: Քաղաքագիտական աքսիոմ է, որ այլընտրանք չեն ունենում ինքնիշխանությունից զրկված երկրները եւ ապագայի տեսլական չունեցող հասարակությունները: Փաստորեն` ՀՀԿ-ն պատերազմ է հայտարարել երկրի անկախությանը` հանուն Ռուսաստանի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում