Բրիտանացի փրանքեր Սայմոն Բրոդկինը ընդհատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ելույթը՝ նրան հանձնելով հեռացվելու P45 ձեւաթուղթը, հայտնում է Telegraph-ը:

Նշվում է, որ երբ Մեյը ելույթ էր ունենում Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության համագումարում, հանկարծ նրան է մոտեցել Բրոդկինը եւ թուղթ մեկնել, որը պարզվել է՝ P45 ձեւաթուղթն է. փաստաթուղթ, որը լրացնում են հեռացվելիս: «Բորիսը խնդրել է սա Ձեզ փոխանցել»,- հայտարարել է Բրոդկինը՝ վարչապետին մեկնելով թուղթը:

«Միայն մեկ մարդ կա, որին ես կուզենայի հանձնել P45-ը, եւ նա Ջերեմի Քորբինն է»,- ի պատասխան ասել է Մեյը:

Մեծ Բրիտանիայում բոլոր աշխատողները հեռացվելիս P45 հարկային ձեւաթուղթ են ստանում, որում նշվում են նրա ստացած եկամուտները եւ մուծած հարկերը: Լրագրող Փոլ Բրենդը Twitter-ում հրապարակել է վարչապետին փոխանցված ձեւաթուղթը:

Պարբերականը նշում է, որ համագումարի մասնակիցները վրդովվել են, որ հսկիչները թույլ են տվել կողմնակի անձին այդքան մոտենալ վարչապետին:

Ավելի ուշ Բրոդկինը Twitter-ի իր միկրոբլոգում Բրիտանիայի ԱԳՆ-ին ուղղված է հաղորդագրություն է հրապարակել. «Ողջույն, Բորիս Ջոնսոն, ես Թերեզային փոխանցեցի P45 ձեւաթուղթը, ինչպես որ խնդրել էիր»,-գրել է նա: