Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Եվրամիությանը պայմաններ է առաջադրել:

Եվրամիության Անվտանգության խորհրդի քաղաքականության եւ անվտանգության հարցերով կոմիտեի պավիրակության հետ հանդիպման ժամանակ Ալիեւը, սովորության համաձայն, մանրամասն շարադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր տեսակետը: Դարձյալ, սովորության համաձայն, խեղաթյուրելով փաստերը եւ փաստաթղթերի բովանդակությունը՝ Ալիեւն ակնարկել է միջազգային կառույցների կողմնակալ վերաբերմունքի մասին: Ըստ որում՝ նա ամենեւին չի թաքցրել, որ անգամ Բաքվի համար ձեռնտու ծրագրի իրականացման դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը կապահովվի. «Հետո խաղաղություն կլինի, եւ իրավիճակը կայուն կհամարվի»:

Ալիեւի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը հանգում է Հայաստանի վրա ճնշում գործադրելուն: Ալիեւը «ողորմածաբար» համաձանվել է, որ բանակցային ձեւաչափը պետք է վերականգնել. «Մի քանի օրից ես կհանդիպեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպաններին, եւ մենք կքննարկենք հետագա բանակցությունների հարցը, ինչպես նաեւ նախագահների մակարդակով հնարավոր հանդիպման հարցը»:

Սակայն Ալիեւի ելույթի «ծրագրի մեխն» է դարձել ԵՄ-ին ուղղված շանտաժը: «Ինչ վերաբերում է հակամարտության նկատմամբ մոտեցմանը, մեր ակնկալիքները, մասնավորապես՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից, հանգում են նրան, որ Եվրահանձնաժողովը հետխորհրդային տարածքում միասնական մոտեցում դրսեւորի բոլոր հակամարտությունների նկատմամբ: Հակառակ դեպքում մենք միանգամայն արդարացիորեն դա կընկալենք որպես երկակի ստանդարտների դիքորոշման մոտեցում: Հետեւաբար՝ շատ կարեւոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հետ կապված  եզրափակիչ հռչակագրի տեքստում տարածքային ամբողջականության պահպանմանը վերաբերող հարցը հստակ շարադրվի»,- հայտարարել է Ալիեւը:

Հիշեցնենք, որ ներկայումս լրջորեն քննարկվում է պատժամիջոցների հարցը՝ ընդհուպ ԵԽ-ից Ադրբեջանին հեռացնելու, կապված քաղբանտարկյալների վերաբերյալ ՄԻԵԴ որոշումները չկատարելու հետ: Միաժամանակ դանդաղել են ԵՄ-ի հետ Ադրբեջանի բանակցությունները: