Վերջին 25 տարվա ընթացքում Ռուսաստանը հատիկ-հատիկ մեր ինքնիշխանությունը մեզնից տանում է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ քննարկվում է «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 013 թվականի հունիսի 25-ի ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը:

«Շատ պրոֆեսիոնալ ղումարբազներ են լինում, որ ուզում են գլուխ գովալ, ասում են՝ մի մեշոկ ցորեն ունենաս հատիկ-հատիկ ձեռիցդ կտանեմ: Վերջին 25 տարվա ընթացքում Ռուսաստանը հատիկ-հատիկ մեր ինքնիշխանությունը մեզնից տանում է, մենք էլ նայում ասում ենք միջազգային պրակտիկա է, նորմալ է, ընդունված է: Ի՞նչն է ընդունված: Ինչի՞ մասին է այս համաձայնագիրը, որ Ռուսաստանը պետք է գա ու վերահսկի մեզ մատակարարված «Իսկանդերը» տեղում է, թե տեղում չէ: Ճիշտ նպատակով է օգտագործվել, թե ոչ: Սա, ըստ էության, վերահսկողության մեխանիզմ է, որը հասնելու է այնտեղ, որ «Իսկանդերն» օգտագոծելիս մի հատ պետք է ճշտես՝ հա կասեն, թե չէ կասեն»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, մենք այսօր ոչ մի ապացույց չենք ստացել, որ Ռուսաստանը նման պայմանագիր ունի նաեւ Ադրբեջանի հետ, որ գնում վերահսկում է, թե Ադրբեջանը քանի «Սմերչ» է բաց թողել Հայաստանի կամ Ղարաբաղի վրա:

«Արտաշես Գեղամյանն ասում է արագ անցնենք, մտնենք Մուշ, Արդահան: Պարոն Գեղամյան, դա ՀՅԴ-ի հռետորաբանություն է, դրա հետ ի՞նչ գործ ունեք, դուք խոսեք լենինիզմի, կոմունիզմի մասին»,-ասաց Փաշինյանը: