Ռուսաստանի Դաշնությունում հոկտեմբերի 5-ին, ժամը 01:55-ին վթարի ենթարկված Նիժնի Նովգորոդ-Երեւան երթուղու միկրոավտուբուսն իրականացրել է ոչ կանոնավոր ուղեւորափոխադրում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խոսնակ Անահիտ Առաքելյանը: Նա նշեց, որ այս պահին տեղեկություններ չկան, թե միկրոավտոբուսի սեփականատերն ով է. «Նախարարության տեսադաշտից դուրս է եղել, ոչ մի արձանագրություն, տուգանք չկա կազմված եւ այդ պատճառով չենք կարող ասել, թե ում է պատկանում»:

Արդյոք ուսումնասիրություններ իրականացվում են պարզելու՝ ինչի արդյունքում է  վթարը եղել, Անահիտ Առաքելյանը պատասխանեց, որ դա ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գործառույթը չէ, վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում եւ դրանով զբաղվում են ՌԴ պատկան մարմինները:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 07:09-ին ՌԴ ԱԻՆ-ից հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 01:55-ին վթարվել է «Mercedes Sprinter» ARM 35 AS 530 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1954 թ. ծնված Ումրշատ Իսկոյան) դուրս է եկել ավտոճանապարհից եւ հայտնվել առվակում: Ավտոմեքենան սպասարկում է Նիժնի Նովգորոդ-Երեւան երթուղին: Ավտովթարի ժամանակ մեքենայում գտնվել է 16 մարդ, որոնցից մեկը՝ երեխա. զոհեր չկան:

ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ ուղեւորներ՝ 56-ամյա Գոհար Հակոբյանը եւ 50-ամյա Սալվի Ավետիսյանը տեղափոխվել են Պյատիգորսկ քաղաքի կլինիկական հիվանդանոց եւ Միներալնիե Վոդի քաղաքի կենտրոնական հիվանդանոց: