Ոստիկանությունն արձագանքել է հոկտեմբերի 4-ին «Econews.am» լրատվական կայքում տեղադրվել էր «Ահազանգ. որսացել են Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր» հոդվածին,  որտեղ առկա էին նաեւ որս կատարողների նկարներ՝ անգղերը ձեռքներին:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է.

«Պարզվել է նշված երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան եւ Յ. Պողոսյան:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ անձի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Ստուգումներով պարզվել է նաեւ, որ նկարներում երեւացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, եւ այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երեւացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ:

Հետեւաբար դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող:

Հանգամանքները պարզվում են:

Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր»:

Նշենք, որ Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի հետ լուսանկարվածներից մեկը Շենավան համայնքի ղեկավար 37-ամյա Արթուր Մկրտչյանն է: Նա NEWS.am-ին հայտնել է, որ ինքը չի որսացել, այլ միայն նկարվել է:

Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ եւ Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Ընդգրկված է նաեւ Հայաստանի Կարմիր գրքում:

Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005թ.-ից, իսկ մինչ համայնքի ղեկավար ընտրվելն աշխատաքային այլ գործունեություն չի ունեցել: Վերջինս նաեւ կուսակցական պատկանելություն ունի՝ ՀՀԿ-ական է: