Ազգային ժողովի նիստերի դահլիճում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿխմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած վեճը շարունակություն է ունեցել միջանցքում:

Քիչ առաջ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը մոտացավ ամբիոնին ու հայտարարեց, որ չի խոսելու այդ պահին քննարկվող հարցի շուրջ, այլ կանդրադառնա մի միջադեպի. «Դիմում եմ ՀՀԿ-ականներին. քիչ առաջ միջանցքում ձեր պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է մեր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա, պահանջել, որ իր անունն այլեւս չասի: Եթե մարդիկ զսպաշապիկի կարիք ունեն, ասեք, իմանանք՝ մենք էլ դուբինկաներով ու կասկաներով գանք»:

Դահլիճից ՀՀԿ խմբակցության պատգամավորները հայտարարեցին, թե Արտաշես Գեղամյանը իրենց կուսակցությունից չէ: «Կարծեմ՝ ձեր կուսակցության հետ է եկել այստեղ: Կարգապահական տույժերի մեխանիզմներ իրականացրեք: Այդ ամենը անթույլատրելի է ԱԺ համար: Ձեր խմբակցության առաջիկա նիստին անդրադարձեք այդ հարցին»,-ասաց Գորգիսյանը:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ այսօրվա նիստում վիճաբանություն է տեղի ունեցել «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի մասին:

Փաշինյանն իր ելույթում հիշատակել է Գեղամյանին՝ նշելով, որ նա Մուշ ու Արդահանը գրավելու փոխարեն ճիշտ կանի խոսի լենինիզմից ու կոմունիզմից՝ ակնարկելով Արտաշես Գեղամյանի կոմունիստական անցյալը:

Տեղից Արտաշես Գեղամյանը բղավել է. «Չափդ մի կորցրու», ինչին Փաշինյանն արձագանքել է. «Այ քեզ բան, ես էսքան զահլա չունեմ, րոպես պահեք»: