Հոկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության որոշմամբ համապատասխան փոփոխություններ կատարվեցին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմում: Նշված փոփոխությունների համաձայն՝ աշխատակազմում ստեղծվել է զբոսաշրջության զարգացման գործառույթներ իրականացնող բաժին, որը գործում է միջազգային համագործակցության եւ զարգացման ծրագրերի վարչության կազմում:

ՀՀ Սյունիքի մարզպետարանից բացի մյուս մարզպետարանների աշխատակազմերում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարզպետարանների կողմից զբոսաշրջության զարգացմանն ուղղված գործառույթներն իրականացվում են աշխատակազմերի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժինների միջոցով:

Ըստ այդմ՝ կառավարությունը որոշել է մարզպետարանների աշխատակազմերի կառուցվածքում ընդգծել զբոսաշրջության բնագավառը:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն իր խոսքում նշեց, որ մարզերի ռազմավարություններում ուղղակիորեն ֆիքսվում է, որ բոլոր մարզերի համար գերակա ուղղություն է դառնում զբոսաշրջությունը։

«Մենք առաջարկում ենք, որ մարզպետարանների կառուցվածքում փոփոխություն իրականացվի, եւ համապատասխան վարչությունը, որը ծրագրերի կազմման եւ վերլուծության բաժինն է, ունենա «զբոսաշրջություն» բառն իր անվանման մեջ»,- ասաց Դավիթ Լոքյանը։

«Մենք ոչ միայն դեկորատիվ անվանումն ենք փոփոխում, մենք նաեւ փոխում ենք այդ վարչության բաղադրիչը, չէ՞»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Դավիթ Լոքյանն արձագանքեց. «Միանշանակ, պարոն վարչապետ։ Դուք չլսեցիք, մենք նշեցինք, որ, քանի որ ռազմավարություններում բոլորի համար զբոսաշրջությունն ամրագրված է՝ որպես գերակա ուղղություն՝ մյուս ուղղությունների հետ միասին, սա պարտադիր մտցնում ենք»։