Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պարզորոշ կերպով ակնարկել է, որ պատրաստ է խզել Եվրոպայի խորհրդի հետ կապերը:

Եվրոպական Միության Խորհրդի քաղաքականության եւ անվտանգության հարցերով կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ալիեւը հավատացրել է, որ Եվրոպայի խորհուրդի հետ կապված հասարակական կարծիքը այդքան էլ դրական չէ:

«Առաջին հերթին, երբ մենք մտանք այդ կազմակերպություն, մեր սպասելիքները կապված էին այն բանի հետ, որ նա մեզ աջակցություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Բայց  Եվրոպայի խորհուրդը հաջողության չհասավ այդ հարցում, այդ գործը չստացվեց եւ չի էլ ստացվի: Երկրորդ հերթին, մեր անդամակցության սկզբնական շրջանում ես մեր պատվիրակության առաջին ղեկավարն էի: Այդ ժամանակ ես Ադրբեջանի խորհրդարանի անդամ էի եւ 2001-2003 թթ. ղեկավարում էի Ադրբեջանի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Այսինքն՝ ինձ հայտնի է, թե դա ինչ կազմակերպություն է եւ ինչպես են այնտեղ  վերաբերվում Ադրբեջանին: Վերաբերմունքը չափազանց բացասական էր: Մենք Հայաստանի հետ այդ կազմակերպություն ենք մտել նույն օրը եւ համեմատել ենք չափազանց բացասական վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ եւ դրական վերաբերմունքը Հայստանի հանդեպ»,-արձանագրել է Ալիեւը:

Խոսելով Եվրոպայի խորհրդի կողմից քննադատության մասին՝ Ալիեւը վստահեցրել է, որ Ադրբեջանի համար առաջնահերթություն է համարվում Եվրոպայի խորհուրդը.  «Եթե Ադրբեջանը լքի Եվրոպայի Խորհուրդը, ապա ոչ ոք դրան նշանակություն չի տա: Մեր կյանքում ոչինչ չի փոխվի՝ մենք չենք սկսի ապրել ո՛չ լավ, ո՛չ վատ, ո՛չ հարուստ, ո՛չ աղքատ»:

Հիշեցնենք, որ ներկայումս լրջորեն դիտարկվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը, ընդհուպ՝ Ադրբեջանին Եվրոպայի խորհրդից հեռացնելը ՄԻԵԴ քաղբանտարկյալների մասին որոշումների չկատարման համար: Չնայած Ալիեւի հավաստիացումներին՝ դանդաղել են Ադրբեջանի  ԵՄ–ի հետ բանակցությունները: