Վրաստանում ավագ քահանա Գեորգի Մամալաձեի փաստաբանները Վերաքննիչ դատարանում բողոքարկել են  Թբիլիսիի քաղաքային դատարանի վճիռը, որշով քահանան մեղադրվում էր պատրիարք-կաթողիկոս Իլյա 2-րդի քարտուղար ռեֆերենտ Շորենա Տետրուաշվիլիի սպանության նախապատրաստման մեջ եւ 9 տարվա բանտարկության էր դատապարտվել , հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

«Մենք բողոքարկել ենք այն անօրինությունը, որը կատարել է դատավորը։ Մենք, բնականաբար, համաձայն չենք մեղադրանքի հետ եւ բողոքարկել ենք այն։ Հուսանք, որ վերաքննիչ դատարանը հաշվի կառնի մեր բողոքը»,– լրագրողներին ասել է նախկին հոգեւորականի փաստաբան Գեորգի Պանցուլայան։

Մամալաձեին ձերբակալել են փետրվարի 10-ին, Թբիլիսիի օդանավակայանում, որտեղից նա պետք է մեկներ Գերմանիա: Այդ ժամանակ բուժման նպատակով Գերմանիայում էր գտնվում Իլյա 2-րդը, ում այլոց թվում ուղեկցում էր Տետրուաշվիլին: Քննության տվյալներով՝ Մամալաձեի ուղեբեռում նատրիումի ցիանիդ է հայտնաբերվել, իսկ բնակարանում՝ ինքնաշեն հրազեն եւ 6 փամփուշտ: