Հայաստանի գործարարների շահութահարկը դուրս կգրեն նոր աշխատատեղերի ստեղծման դիմաց: Հոկտեմբերի 5-ին կառավարության նիստում այս մասին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: Համապատասխան միջոցառումը գրանցված է Հարկային օրենսգրքում, որն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից:

Սակայն շահութահարկի դուրսգրում կստանան միայն ներդրումային ծրագրերը, որոնց կառավարությունը հավանություն է տվել, ծրագիրը սկսելու տարում եւ հետագա 5 հարկային տարիներին (հունվարի 1-ից – դեկտեմբերի 31-ը): Ներդրումային ծրագրերին հավանություն տալու դեպքում կառավարությունն առաջին հերթին կգնահատի նոր աշխատատեղերի ստեղծումը, արտադրողականության բարձրացումը եւ արտահանման աճը: