Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գարիկ Առաքելյանի համար հոկտեմբերի 5-ին դատախազը պահանջեց ազատազրկում 6 ամիս ժամկետով:

Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող Ռոբերտ Գրիգորյանը միջնորդեց ամբաստանյալին մեղավոր ճանաչել եւ դատապարտել 6 ամսվա ազատազրկման: Որպես մեղմացուցիչ հանգամանքը` դատախազը նշեց ամբաստանյալի` չորս անչափահաս երեխաների հայր լինելը, իսկ ծանրացնող հանգամանք` դեպքի ալկոհոլի ազդեցության տակ լինելը:

Դատախազի ճառից հետո պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց ճառին պատրաստվելու համար: Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 11-ին:

Ըստ մեղադրական եզրակացության` Գարիկ Առաքելյանը, գտնվելով հարբածության վիճակում, ավտոմեքենայով երթևեկելու ընթացքում` ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տալու համար, ՀՀ ճանապարհային տեսուչներ Էդվարդ Դավթյանի և Ռուստամ Ավետիսյանի պահանջով ավտոմեքենան կանգնեցնելուց հետո դուրս է եկել մեքենայից եւ սկսել վիճաբանել: Այդ ընթացքում Առաքելյանը նրանց ծառայողական գործունեությունը դադարեցնելու և լիազորությունների իրականացմանը հակազդելու նպատակով քաշել և պոկել է Էդ. Դավթյանի համազգեստի վրա ամրացված ծառայողական տեսանկարահանման սարքը, հայհոյանքներ տվել նրանց հասցեին, որից հետո` սթափության աստիճանը ստուգելու և իր վարած ավտոմեքենան տուգանային հրապարակ տեղափոխելու նպատակով, շարունակելով իր հանցավոր գործողությունները և գործադրելով Էդ. Դավթյանի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, ձեռքերով հարվածներ է հասցրել նրան:

Գարիկ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նա գրավի դիմաց ազատ է արձակվել: