Հայաստանը, ապաստան տրամադրելով շուրջ 22 հազար փախստականների, բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում` Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում: Այս մասին ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի 68-րդ նստաշրջանում հայտարարել է հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 2-6-ը Ժնեւում ընթանում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի 68-րդ նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ:

Հայաստանի ԱԳՆ–ից NEWS.am-ին հայտնում են, որ նստաշրջանին բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն իր ելույթում վերահաստատել է Հայաստանի աջակցությունը փախստականների եւ միգրանտների մեծ տեղաշարժերի հարցերին նվիրված Նյու Յորքի հայտարարությանը, անդրադարձել փախստականներին առնչվող գլոբալ մարտահրավերներին` ընդգծելով ՀՀ պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը Բարձր հանձնակատարի գրասենյակի հետ` տեղահանված անձանց կարիքները հոգալու եւ փախստականներին ու ապաստան հայցողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանից գաղթած հայ փախստականների խնդրին, ովքեր Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականության հետեւանքով ստիպված էին լքել իրենց տները՝ դառնալով փախստականներ։ Նախարարի տեղակալը դատապարտել է նաեւ նախորդ տարվա ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, որն ուղեկցվել է միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով:

Աշոտ Հովակիմյանն անդրադարձ է կատարել նաեւ Սիրիայից փախստականների խնդրին` նշելով, որ Հայաստանը, ապաստան տրամադրելով շուրջ 22 հազար փախստականների, բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում` Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում: Փախստականների ընդունման եւ ինտեգրման հարցում ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի գրասենյակի եւ ՀՀ իշխանությունների սերտ համագործակցությունը։

ԱԳ նախարարի տեղակալը նշե լէ, որ, ի լրումն Հայաստանի իշխանությունների ջանքերի, անհրաժեշտ է միջազգային հանրության եւ դոնոր կազմակերպությունների աջակցությունը։

Արձագանքելով ՀՀ պատվիրակության ելույթին՝ Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին երախտագիտություն է հայտնել Սիրիայից մեծ թվով փախստականներ ընդունելու համար:

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի նորանշանակ գործադիր քարտուղար Օլգա Ալգաերովայի հետ։

Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի եւ ՄԱԿ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի միջեւ կայուն համագործակցության մակարդակը եւ մի շարք ծրագրերի հաջող ընթացքը։ Աշոտ Հովակիմյանը նշել է, որ Հայաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում երկրի զարգացման հետագա ընթացքը Կայուն զարգացման նպատակների օրակարգին համապատասխանեցնելու հարցում։

Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել նաեւ ՄԱԿ փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի՝ Գործողությունների հարցերով տեղակալ Ջորջ Վիլյամ Օկոթ-Օբբոյի հետ, որի հետ քննարկվել են Հայաստանի կողմից փախստականների ընդունման եւ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում նրանց ինտեգրմանն առնչվող մի շարք հարցեր։