Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 5-ին մեկնարկեց այս գարնանը Դավիթաշենում 21 բարդի հատելու աղմկահարույց գործով դատավարությունը:

Մինչեւ դատաքննությանն անցնելը` ամբաստանյալ Ալեքսան Սամսոնյանը հայտնեց, որ իր խնամքին ունի չորս անչափահաս երեխա ու տարեց մայր, որը երկրորդ կարգի հաշմանդամ է: Այնուհետեւ Ալեքսան Սամսոնյանը միջնորդեց դատաքննությունն անցկացնել արագացված կարգով` նշելով, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:

«Հարգելի դատարան, ես ցանկացել եմ ընդամենը ծառերն էտել, որ փրկվեն»,- ասաց ամբաստանյալը:

Դատավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ առանց տուժողի կարծիքն իմանալու միջնորդության վերաբերյալ որոշում չի կարող կայացնել: Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը նիստին չէր ներկայացել:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 16-ին:

Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 21 բարդի են հատել: Հարուցված քրեական գործի շրջանակում Ալեքսան Սամսոնյանը կալանավորվել էր, ավելի ուշ` ազատ արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է` ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը: