Այս տարվա ընթացքում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ստուգելու է շուրջ 500 օբյեկտ, այդ թվում՝ գազալցակայաններ։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։

«Տարվա ընթացքում ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունն իրականացնում է ՀՀ կառավարության կողմից հաստատված ռիսկի վրա հիմնված ստուգումներ, որոնց արդյունքում, օրինակ այս տարի ստուգվելու է շուրջ 500 օբյեկտ, այդ թվում՝ գազալցակայաններ»,- նշեց նա:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե վարչապետի մերձավորների գազալցակայանները չեն ստուգվում եւ չեն տուգանվում, նախարարը պատասխանեց. «Ստուգումներն իրականացվում են սահմանված կարգով, առանց որեւէ խտրականության, ելնելով օբյեկտների հասարակական նշանակությունից եւ հրդեհավտանգության աստիճանից: Խախտումների հայտնաբերման դեպքում բոլոր օբյեկտները տուգանվում են»:

Նախարարի խոսքով, շարժական գազալցակայանների խնդիրը նույնպես գտնվում է ԱԻ նախարարության ուշադրության կենտրոնում: «Մտահոգիչ է տարբեր մակնիշի բեռնատար մեքենաների վրա, կասկածելի անվտանգություն ունեցող գլանանոթներով ու ինքնաշեն ձեւափոխված շարժական կայանների հետ կապված իրավիճակը: Դրանք շատ  պայթյունահրդեհավտանգ են, եւ դրանցում առաջացած հրդեհները, պայթյունները, որպես կանոն, ուղեկցվում են զգալի կորուստներով` եւ' մարդկային, եւ' նյութական»,- նշեց նախարարն ու հավելեց. «Այս տարվա ամռանը ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության կողմից բոլոր գազալցման կայանները շահագործող անձանց եւ ՏԻՄ-երի ղեկավարներին նամակներ են ուղարկվել՝ անվտանգության կանոնները պահպանելու եւ առկա թերությունները վերացնելու վերաբերյալ: Նրանց իրազեկել ենք նաեւ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին»: