Այն պահից սկսած՝ ինչ Ռամիլ Սաֆարովը դատապարտվեց Բուդապեշտում, Ադրբեջանի կառավարությունը փորձում էր համոզել Հունգարիայի իշխանություններին իրենց հանձնել բանտարկյալին։ Այս մասին Budapest Beacon–ին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի անդամ Ֆրանկ էնգելը։

Նրա խոսքով՝ Բաքվում խոստացել էին, որ Սաֆարովը Ադրբեջանի բանտում է նստելու, սակայն ինչպես վարչապետ Ֆերենց Դյուրչանը, այնպես էլ նրան հաջորդած Դյերդ Գոորդոն Բայնաին չէին հավատում այդ ակնհայտ անիրականանալի խոստմանը։

«Հետո եկավ Օրբանը, եւ, օ՜ հրաշք, Ադրբեջան կատարած նրա պաշտոնական պետական այցից հետո Սաֆարովը մի քանի շաբաթից տուն վերադարձավ։ Ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ դա ոչ մի կապ չունի փողերի հետ։ Ոչ մի պատճառ չէր լինի, որի համար Եվրոպայում քրիստոնյաների իրավունքների պաշտպան Վիկտոր Օրբանը կհրաժարվեր առաջին քրիստոնյա ազգից, այսինքն՝ Հայաստանից, եթե նրան ու նրա կառավարությանը դրա դիմաց չվճարեին»,– ասել է Էնգելը։

Պատգամավորը կարծում է, որ ակնհայտ է, որ ադրբեջանական փողերի հոսքը հունգարական հաշվեհամարների վրա համընկնում է հենց 2012 թվականին։ Դա շատ նման է լավության դիմաց գրպանի փող ստանալուն։ Էնգելը նշել է, որ ինքը 3 մլրդ–ին մոտ գումարի մասին է լսել, թեեւ հետաքննության ժամանակ խոսքը 8 կամ 9 մլրդ եվրոյի մասին էր։ «Թե ով է ստացել այդ գումարը, այդպես էլ պարզ չէ»,– նշել է նա։