Աշխարհի որեւէ խորհրդարան ապահովագրված չէ նման դեպքից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեզամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին:

Մելիքյանը տեղեկացրեց, որ դեպքից հետո հանդիպել է Փաշինյանի հետ, սակայն չի հրապարակելու զրույցի մանրամասները:

ՀՀԿ-ական պատգամավորը դատապարտեց տեղի ունեցածը:

Դիտարկմանը, որ փաստորեն նախորդ ԱԺ-ում իր սկանդալային արտահայտություններով ու վարքով աչքի ընկած Առաքել Մովսիսյանին (Շմայս) արժանի իրավահաջո՞րդ է գտնվել ի դեմս Գեղամյանի, Մելիքյանը հորդորեց չվիրավորել որեւէ մեկին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ԱԺ-ում նախ վեճ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ: Փաշինյանն իր ելույթում հիշատակել է Գեղամյանին՝ նշելով, որ նա Մուշ ու Արդահանը գրավելու փոխարեն ճիշտ կանի խոսի լենինիզմից ու կոմունիզմից՝ ակնարկելով Արտաշես Գեղամյանի կոմունիստական անցյալը: Տեղից Արտաշես Գեղամյանը բղավել է. «Չափդ մի կորցրու», ինչին Փաշինյանն արձագանքել է. «Այ քեզ բան, ես էսքան զահլա չունեմ, րոպես պահեք»:

Դրանից հետո վեճը շարունակվել է ԱԺ միջանցքում, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքի էջում գրել է. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»:

Գեղամյանը հերքել է, թե հարվածէլ է Փաշինյանին՝ նշելով. «Եթե ես բռունցքներով հարվածեի որեւէ մեկին, նրան կտեղափոխեին հիվանդանոց»: