ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանին «խուլիգան» անվանեց եւ հայտարարեց, որ միջանցքում հարձակվել է իր վրա:

«Ազգային ժողովի միջանցքում Արտաշես Գեղամյանը խուլիգանի նման բռունցքներով հարձակվել է ինձ վրա եւ հետաքրքիրն այն է, որ նա հիմա հերքում է: Ես ուզում եմ ասել, որ եղել են վկաներ: Մենք պարզաբանում ենք պահանջում տեղի ունեցածի կապակցությամբ Հանրապետական խմբակցությունից, պետք է հստակ բացատրվի, թե այս խուլիգանական արարքն ինչ կապ ունի ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ոչ հեռավոր անցյալում արտահայտած այն մտքի հետ, թե ձեր պադյեզդներ զգույշ մտեք, կարող ա ինչ-որ բաներ տեղի ունենան»,-ասաց նա:

ԱԺ «Ելք» խմբակցության Մանե Թադիլյանն էլ հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանին. «Պարոն Աշոտյան, չեք գտնո՞ւմ, որ կան իրավիճակներ, որ ուղղակի, պետք է հասկանալ , որ իրավիճակը դառնում է վտանգավոր, ես գտնում եմ, որ որեւէ պատգամավորի միջանցքներում ծեծի ենթարկելն անթույլատրելի է: Դեմքի մտահոգ արտահայտությամբ խոսում ենք, թե Կարո Փայլանին թուրքական պառլամենտում ծեծի են ենթարկում, մենք պետք է մտահոգ լինենք, որ այսպիսի բան չլինի մեզ մոտ»:

Որին Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Իմ ճակատին գրված է, որ բոլոր պատեհ եւ անպատեհ պատճառներով ես եմ քաղաքական առաջնագծում հայտնվելու, բայց խնդրում եմ եկեք գնահատականներ չտանք, մեր ֆրանկցիային չկպնեք, մինչեւ խորամուխ լինենք, հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել»:

Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ ԱԺ «Ելք» խմբակցությունը որոշման նախագիծ է ներկայացնելու էթիկայի հանձնաժողով ստեղծելու եւ այդ հանձնաժողովը տեղի ունեցածի վերաբերյալ գնահատական է տալու: