Եվրոպական սահմանային եւ ափային անվտանգության գործակալության FRONTEX հաճախորդների գոհունակության վերլուծության կենտրոնը Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համատեղ Բագրատաշենի ուղեւորների շրջանակում անկախ հարցում է իրականացրել:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միգրացիայի միջազգային կազմակերպության եւ Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությամբ անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել սահմանը հատողների գոհունակությունը միջազգային չափանիշներով կազմակերպվող գործընթացներից: Մասնավորապես՝ հարցվածների 77%-ը չափազանց գոհ է սահմանային կետի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմից, 92%-ը բարձր է գնահատել անձնագրային/ճանապարհորդական փաստաթղթերի ստուգման համար ծախսված ժամանակի արագությունը:

Հարցվածների 88%-ը սահմանահատման իրենց փորձը գնահատել է շատ դրական, 73%-ը գոհ է ենթակառուցվածքներից, 75%-ը՝ մաքրությունից, նույնքան մարդ գոհ է եղել անվտանգության ապահովման մակարդակից: Նշանների, ցուցանակների առկայությունից եւ օգտակարությունից գոհ է եղել հարցվածների 65%-ը, լրացուցիչ տեղեկատվության մատչելիությունից՝ 80%-ը:

Ուղեւորների նկատմամբ սահմանային կետի աշխատակիցների վերաբերմունքից բավարարված է եղել հարցվածների 75%-ը, անձնագրային/ճանապարհորդական փաստաթղթերի վերահսկողության վերաբերյալ կանոնների եւ ընթացակարգերի հստակեցմամբ՝ 83%-ը: