Առաջարկվում է «Հյուսիս-Հարավ» մայրուղու 2-րդ հատվածի (Աշտարակ-Թալին) եւ 3-րդ հատվածի (Թալին-Գյումրի) կառուցումն ավարտելու ժամկետը երկարացնել համապատասխանաբար՝ 27 ամսով (2017 թվականի հունիսի 30-ից մինչեւ 2019-ի սեպտեմբերի 14-ը)  եւ 21 ամսով (2017-ի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2019-ի սեպտեմբերի 14-ը): Հոկտեմբերի 5-ի նիստում կառավարությունը հավանություն է տվել Ասիական զարգացման բանկի հետ վարկային համաձայնագրում համապատասխան փոփոխություններին:

«Հյուսիս-Հարավ» 4 ուղեգծով մայրուղին կկրճատի Իրանի սահմանից մինչեւ Վրաստանի սահման ճանապարհի տեւողությունը, ինչպես նաեւ ներկայիս հեռավորությունը 556 կմ-ից 495 կդարձնի` մի շարք լեռնային հատվածների հարթեցման եւ նոր, ավելի ուղիղ հատվածների (Արարատից Վայոց ձորի մարզով մինչեւ Սիսիանի շրջանի Նորավան գյուղ, իսկ այնտեղից Քաջարան) կառուցելու հաշվին: Շինարարության ընդհանուր արժեքը կազմում էր մոտ 960 մլն դոլար, հետո՝ գրեթե 1,5 մլրդ դոլար, իսկ հիմա՝ ավելի քան 2 մլրդ դոլար: