Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի գլխավորած պատվիրակությանը:

ՄԻՊ-ից NEWS.m-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում խոսքի ազատության վիճակը, ներկայացվել լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող խնդիրները, լրագրողների իրավունքների պաշտպանության հարցերը: Անդրադարձ է եղել լրագրողների նկատմամբ ոտնձգության դեպքերին, նրանց աշխատանքի խոչընդոտներին, ինչպես նաեւ Պաշտպանի արտահերթ զեկույցին:

Արման Թաթոյանն ընդգծել է խոսքի ազատության կարեւորությունը եւ լրագրողների դերը հասարակության իրազեկության բարձրացման, ինչպես նաեւ արդյունավետ իրավապաշտպան գործունեության հարցում: Հանդիպման ընթացքում ներկայացվելեն նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված խնդիրներն ու նոր գործառույթները:

Արլեմ Դեզիրին կարեւորել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը խոսքի ազատության երաշխավորման հարցում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը եւ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը համագործակցելու պայմանավորվածություն են ձեռք բերել: