Նախօրեին Երեւանում կայացել է առեւտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը եւ Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Ռոլանդաս Տառաշկյավիչուսը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության 2018-2019 թվականի գործողությունների պլան» փաստաթուղթը:

Պլանով նախատեսվում է խթանել երկկողմ համագործակցությունն ագրարային ոլորտում եւ մեկ տարվա ընթացքում  իրականացնել մի շարք համատեղ գործողություններ: Մասնավորապես, գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ոլորտում Լիտվան հայկական կողմին կտրամադրի խորհրդատվություն եւ մեթոդոլոգիական աջակցություն:

«Լիտվայում արդեն գործում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ, որը ուսումնասիրելու ենք, եւ եթե լինեն Հայաստանի համար հետաքրքրական տարրեր, ապա կփորձենք ապագայում այն կիրառել այստեղ»,- նշել է Արմեն Հարությունյանը:

Բացի այդ, կողմերը համագործակցելու են նաեւ անասնապահության ոլորտում, մասնավորապես փորձի փոխանակում են իրականացնելու այծաբուծական տնտեսությունների զարգացման եւ կաթնամթերքի արտադրության բնագավառում: Այդ նպատակով Հայաստանից պատվիրակիություն է մեկնելու Լիտվա, որտեղ ներգրավված են լինելու նաեւ այծաբուծությամբ  եւ այծի կաթից ստացվող պանրի արտադրությամբ զբաղվող անհատները:

Գոհունակություն հայտնելով հայ-լիտվական փոխգործակցության ներկա բարձր մակարդակով`  Ռոլանդաս Տառաշկյավիչուսը նշել է, որ 2016 թվականին ստորագրված գործողությունների ծրագիրը  հաջողությամբ իրականացվել է ի օգուտ կողմերի եւ այսօր արդեն Հայաստանն ու Լիտվան համատեղ ծրագրերի իրականացման  նոր քայլ են կատարում: