Երեւանում հոկտեմբերի 5-ից 8-ը «Մերիդիան» կենտրոնում կանցկացվի «Երեւան շոու-2017» 8-րդ միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսը, որի բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը:

 «Մերիդիան» էքսպո կենտրոնի հիմնադիր Գագիկ Գեւորգյանը  լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսին կներկայացվի ոչ միայն հայկական ընկերությունների արտադրանքը, այլ նաեւ ուրիշ երկրների: Ցուցահանդեսին կմասնակցի Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից եւ Թուրքիայից գրեթե 70 ընկերություն:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ: Նախագահը հանդիսավոր պայմաններում կտրեց կարմիր ժապավենը՝ դրանով նշանավորելով միջազգային ոսկերչական ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսին հրավիրված էին նաեւ մեծածախ գնորդներ, առեւտրի ցանցերի ներկայացուցիչներ, մասնավոր ձեռնարկատերեր ԵՏՄ երկրներից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Իրանից եւ այլ երկրներից:

Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իր հերթին նշեց, որ 2017-ի առաջին կիսամյակում ոսկերչագործության ոլորտում աճը կազմել է 34,1 տոկոս, իսկ արտահանումը՝ ավելի քան 44 տոկոս: «Սակայն մենք չենք պատրաստվում բավարարվել ձեռք բերած արդյունքներով: Մենք ջանք չենք խնայի, որ այս ոլորտի ներկայացուցիչների հետ համատեղ ոլորտի հետագա զարգացումն ապահովենք էլ ավելի մեծ տեմպերով»,- հավաստիացրեց նախարարը: Կարայանը նաեւ շեշտեց, որ ցուցահանդեսն անցկացվում է ռուսական «ՌԵՍՏԷԿ» ընկերության հետ համատեղ:

Սերժ Սարգսյանը ոլորտի պատասխանատուների եւ կազմակերպիչների ուղեկցությամբ շրջել է ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքում «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կազմակերպած ցուցահանդեսում, դիտել հայրենական եւ օտարերկրյա ընկերությունների ներկայացրած ոսկերչական զարդերը, ոսկերչական արտադրության սարքավորումները, ադամանդի եւ այլ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի մշակմամբ ստացված իրերը, ծանոթացել մասնակից ընկերությունների գործունեությանն ու ծրագրերին:
Ցուցահանդեսային կենտրոնում նախագահ Սարգսյանը դիտել է նաեւ Հայաստանի նկարիչների միության կողմից ներկայացրած գեղանկարչական աշխատանքները: