Գերմանական  զորքերի կողմից  խորտակված «Աթենիա» բրիտանական ուղեւորատար նավի մասերը գտնվում են Իռլանդիայի ափերին, կարծում է օվկիանոսագետ Դեյվիդ Մերնսը։ Այս հետեւությունները նա արել է Իռլանդիայի Երկրաբանական ծառայության տվյալների հիման վրա, հաղորդում է BBC-ն։

«Աթենիան» առաջին նավն է, որ խորտակվել էր գերմանական սուզանավերի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1939 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Մեծ Բրիտանիայի Գերմանիային պատերազմ հայտարարելուց մի քանի ժամ հետո, գերմանական սուզանավի անձնակազմը նկատված նավը շփոթել էր ռազմական նավի հետ եւ խորտակել այն։

Մերնսի  հայտնաբերված մասերը գտնվում են Ատլանտյան օվկիանոսի Ռոկոլ ժայռից ոչ հեռու՝ 200 մետր խորության վրա։ Լուսանկարում երեւում է, որ 160-մետրանոց նավը բաժանվել է երկու մասի այն մասից, որտեղից հարվածել է տորպեդը։ Հետազոտողը նշում է, որ դեռեւս հնարավոր չէ միանշանակ ասել, որ դա հենց  «Աթենիայի» մասերն են, սակայն, ելնելով ստացված տվյալներից, ամենայն հավանականությամբ, դա հենց այդ նավն է։