Իշխան Բարսեղյանի գործով հեռախոսազրույցների ձայնագրությունների բովանդակությունն անհասկանալի մնաց լրագրողների համար, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը չի լուծում ապակեպատ դահլիճում ձայնի ապահովման հարցը:

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Շենգավիթի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստին հետազոտվում էին քրեական գործում առկա գաղտնալսումները. ամբաստանյալներ Իշխան Բարսեղյանի եւ Էլզա Զաքարյանի հեռախոսազրույցների ձայնագրություններն ու Էլզա Զաքարյանի եւ գործով տուժող Նորիկ Հակոբյանի հեռախոսազրույցների ձայնագրությունները: Բոլորին էլ հասկանալի է, թե քրեական գործի համար ինչ կարեւորություն ունեն այս ձայնագրությունների հետազոտությունները, սակայն, դատական նիստերում ներկաներին ձայնի վատ լսելիության պատճառով այդպես էլ անհասկանալի մնաց հեռախոսազրույցների բովանդակությունը: Այս պայմաններում դատական նիստին ներկա գտնվող լրագրողին նիստերի դահլիճը լքելուց բացի ոչինչ չի մնում, որն էլ կարելի է որակել լրագրողի աշխատանքի խոչընդոտում:

Նշենք, որ Իշխան Բարսեղյանն այսօր դատարան էր ներկայացվել կրկին արյան բարձր ճնշմամբ:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել: