«Հայկական գյուղ»-ը լինելու է գրավիչ հաջող բիզնես ծրագիր: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Երեւանում «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման մրցույթին հայտ ներկայացրած միջազգային չորս ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են թաղամասի կառուցապատմանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ներդրումային ծրագրի մանրամասներին եւ տեսլականին:

Նշվել է, որ ընկերությունների ներկայացուցիչներն արդեն իսկ ծրագիրը մանրամասն քննարկել են ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ, շրջել Հայաստանի տարբեր զբոսաշրջային վայրերով, ծանոթացել հայկական մշակույթին ու ավանդույթներին:

Վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ «Հայկական գյուղ»-ը լինելու է տնտեսապես գրավիչ հաջող բիզնես ծրագիր եւ ավելացրել, որ կառավարությունը պատրաստ է ծրագրի հետ կապված քննարկել ընկերությունների ներկայացրած բոլոր առաջարկությունները: «Այն Հայաստանի զբոսաշրջության ոլորտ կբերի նոր փոփոխություններ: Երեւան ժամանողին կկարողանանք համապարփակ ներկայացնել հայկական աշխարհը, այդ թվում՝ սփյուռքը, մեր պատմությունը, միջավայրը՝ ըստ տարածաշրջանների ու քաղաքների: Թաղամասը կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը եւ իր լայն ենթկառուցվածքներով կպատասխանի զբոսաշրջիկների սպասելիքներին»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ ծրագրի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում ներդրողների հետ:

Ակնկալվում է թաղամասի կառուցապատման մրցույթն ամփոփել նոյեմբերի սկզբին: Ծրագրով, որը գնահատվում է 100-150 մլն դոլար, նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային եւ գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձեւավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաեւ նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով: Նախատեսվում է, որ թաղամասը կունենա կինոթատրոն, այգի, համերգասրահ, թարմ տեղական արտադրանք առաջարկող բացօթյա շուկա եւ այլ ենթակառուցվածքներ: