Առանց ռուսական վարորդական իրավունքների միգրանտ վարորդների աշխատանքի արգելքը լուրջ խնդիրներ է առաջացրել փոխադրումների համար։ Այս մասին հայտնում է «Գազետա»–ն՝ վկայակոչելով Պետդումայում իր աղբյուրները։

Աղբյուրի խոսքով՝ օրինագիծը, որն ի սկզբանե առաջարկում էր օտարերկրյա վարորդական իրավունքները փոխելու համար ժամկետ սահմանել մինչեւ 2018-ի հունիսի 1-ը, Պետդումայում քննարկումից հետո փոփոխությունների է ենթարկվել։ Արդյունքում ազգային վարորդական իրավունքով աշխատել են թույլատրել միայն այն երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսաց լեզուն պաշտոնական է համարվում։

«Այս տեսքով օրենքի ընդունումը, բնականաբար, խնդիրը չի լուծել, քանի որ իրականում վարորդական իրավունքների փոփոխման համար նյութա–տեխնիկական բազան շատ շրջաններում բացակայում է»,– ասել է աղբյուրը՝ հավելելով, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո որոշ սուբյեկտներում աճել է կոռուպցիան։ Կան դեպքեր, երբ ոստիկանները մոտենում են վարորդներին, հաշվում են, թե քանի օտարերկրացի է աշխատում առանց ռուսական վարորդական իրավունքի, եւ ուղղակի նշում գումարը, որը պետք է վճարեն ամեն ամիս։ Բնականաբար ուղեւորափոխադրումների ոլորտը դրանից տուժել է։

Միաժամանակ ՃՈ բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ օտարերկրացիների վարորդական իրավունքները փոխելու հետ կապված որեւէ խնդիր չկա։