Կարդացել եմ, որ իմ վրա կոշիկներ են փայլեցրել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, որը մինչ այդ խմբակցությունում քննարկման էր մասնակցում:

«Ընդունենք, միջադեպ ա՝ եղել ա, 4 տարի հլը էդ մարդու հետ աշխատելու ենք, ի՞նչ եք բորբոքում», - ասաց Արտաշես Գեղամյանը։

Վերջինս ընդգծեց, որ միջադեպի մասին ինքը տեղեկացել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից եւ բարձր է գնահատում Ն.Փաշինյանի այն հումորը, որ կոշիկները իր վրա է փայլեցրել. «Ցավով եմ ասում, կարդացել եմ, որ իմ հագուստի վրա կոշկներ են փայլեցրել։ Ցավում եմ դրա համար։ Նման բան չի եղել»:

Դիտարկմանը, եթե չի եղել ոչ մի միջադեպ, ապա ի՞նչն էր բաժանել Նապոլեոն Ազիզյանը, ով լրագրողների հետ զրույցում հերքել էր, որ ներկա է եղել միջադեպին եւ նշել, որ ինքը վրա է հասել բաժանման պահին, Ա.Գեղամյանն արձագանքել է. «Բաժանելու խնդիր նա չուներ, որովհետեւ գրկախառնություններ չեն եղել։ Հարաբերությունների նման դրսեւորումները մարդ կա միջադեպ է համարում, մարդ կա՝ բախում։ Ես համարում եմ, որ ընդհանրապես ԱԺ ամբիոնից պետք է միայն եւ միայն խնդրո առարկայի վերաբերյալ խոսել եւ երբեք չանդրադառնալ այս կամ այն անձին, այն էլ նմանակելու եւ տգեղ դրսեւորումների միջոցով»։