ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել դեպքի վայրի պահպանությունը կանոնակարգելուն ուղղված ՀՀ քննչական կոմիտեի մշակած օրենսդրական փաթեթի նախագծին:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ գործող օրենսդրությամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածում թվարկված հետաքննության մարմիններից դեպքի վայրի պահպանության պարտականություն դրված է միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների վրա։

Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վերը նշված երկու մարմիններից բացի, հետաքննության մարմիններ են նաեւ՝ հարկային մարմինները` հարկային հանցագործությունների գործերով, մաքսային մարմինները` մաքսանենգության եւ, օրենքով նախատեսված դեպքերում, մտավոր սեփականության իրավունքի խախտման գործերով, ազգային անվտանգության մարմինները` օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերով, ինչպես նաեւ՝ օդանավի հրամանատարը՝ օդանավում թռիչքի ժամանակ տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ գործերով:

Հետեւապես՝ նշված մարմինները եւս պետք է իրականացնեն դեպքի վայրի պահպանությունը՝ իրենց ենթակայության գործերով։ Բացի այդ, առաջարկվել է դեպքի վայրի պահպանման կանոնները հաստատել ենթաօրենսդրական ակտով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Օրենսդրական փաթեթով հստակեցվում է հետաքննության բոլոր մարմինների՝ դեպքի վայրի պահպանության լիազորությունը՝ նպատակ ունենալով միասնական իրավական կարգավորում ձեւավորել՝ դեպքի վայրի պահպանության ոլորտում հետաքննության մարմինների համար: