ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների եւ խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ֆիննախից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը մեկ տարի հետաձգելու, գրավ դրված գույքի դատական եւ արտադատական կարգով բռնագանձման ընթացքում եւ լուծարման կամ սնանկացման ընթացքում առաջացող հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացակարգերի, անշարժ գույքի եւ փոխադրամիջոցների գույքահարկի հարկման համակարգի, եկամտային հարկի դրույքաչափերի վերանայման հետ կապված հարցեր:

Նիստի արդյունքում որոշվել է շարունակել գրավ դրված գույքի դատական եւ արտադատական կարգով բռնագանձման ընթացքում եւ լուծարման կամ սնանկացման ընթացքում առաջացող հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացակարգերի վերանայման աշխատանքները:

Խորհրդի կողմից նպատակահարմար չի համարվել անշարժ գույքի եւ փոխադրամիջոցների գույքահարկի հարկման համակարգը, ինչպես նաեւ եկամտային հարկի դրույքաչափերը փոփոխելու առաջարկությունների ընդունումը: