Երեւանում սեպտեմբերի 14-ի կեսօրին հնչած կրակոցներից վիրավորված քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը հոկտեմբերի 4-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Աստղիկ» բժշկական կենտրոնից:

Չնայած ի սկզբանե ասվում էր, որ ալավերդցի քրեական հեղինակությունը ծանր վիրավորում չի ստացել, փաստորեն նա 3 շաբաթ մնաց հիվանդանոցում:

Նշենք, որ 39-ամյա Վահագն Աբգարյանը ստացել էր կրծքավանդադակի աջ կողմի վնասվածք, աջ նախաբազկային հատվածում ոսկրի վնասում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի կենտրոնում Վերնիսաժի հարեւանությամբ,  Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ սեպտեմբերի 14-ին, ժամը 13.25-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով կան վիրավոր եւ մեկ սպանված:

Սպանվածը 43-ամյա Գարիկ Մոսինյանն է, իսկ վիրավորը՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը: Նրանք Ալավերդի քաղաքից են, քրեական աշխարհի ներկայացուցիչներ: Սպանության մեջ մեղադրվում է երեք անձ. 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, 35-ամյա Ալբերտ Բլբուլյանը եւ 33-ամյա Արմեն Կարադավիդովը: