Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան ստորագրել են հուշագիր ռազմական նշանակության արտադրանքների գնման եւ տեղակայման վերաբերյալ, հաղորդում է  ՏԱՍՍ-ը: Փաստաթուղթը ստորագրել են «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն  Ալեքսանդր Միխեեւը եւ սաուդյան կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Ահմադ ալ Խատիբը:

Ստորագրվել է նաեւ պայմանագիր Սաուդյան Արաբիայում Կալաշնիկով ԱԿ 103 ինքնաձիգի եւ տարատեսակ փամփուշտների լիցենզավորված արտադրության կազմակերպման պայմանների վերաբերյալ:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի  եւ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերություն եւ հանքային ռեսուրսների նախարարի բանակցությունների արդյունքում ստորագրվել են խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման եւ ուսումնասիրման գործում երկու պետությունների համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր:

Պետությունների միջեւ  ստորագրվել է նաեւ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջնաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզը: Ճանապարհային քարտեզը ստորագրել են ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը եւ Սաուդյան Արաբիայի առեւտրի եւ ներդրումների նախարար Մաջեդ բեն Աբդալահ Ալ Կասաբին:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  ընդունել էր Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հրավերը՝ այցելելու իր երկիր:  Հավելենք, որ Սաուդյան Արաբիայի թագավորն առաջին անգամ Մոսկվա է ժամանել: