Մոսկվայում սպանվել է գործարար Արսեն Փափազյանը։ Նրան հիվանդանոց էին տեղափոխել հարձակումից հետո։ Փափազյանին վիրավորել էին հրազենից՝  2 անգամ կրակելով կրծքավանդակին ու վնասելով թոքը։

ՌԲԿ–ն հայտնում է, որ Մոսկվայի կենտրոնում հարձակում են գործել Վորոնեժի մարզի Հանրային պալատի անդամ, «Անի»  քրիստոնեա–մշակութային ՀԿ նախագահ Արսեն Փափազյանի վրա։ 15։30-ին անհայտ անձը մի քանի անգամ կրակել էր նրա ուղղությամբ։

Մեկ այլ աղբյուրը հայտնում է, որ Փափազյանի վրա 4 անգամ են կրակել։ Որպես գերակա վարկած է դիտարկվում պատվերով սպանությունը։

Իրավապահ մարմիններում «Զվեզդա»–ի աղբյուրը հայտնել է, որ տղամարդը ազդեցիկ գործարար Արսեն Փափազյանն է։ Նա զբաղվում էր շինարարությամբ, ակտիվ մասնակցում հայկական սփյուռքի կյանքին, գումարներ նվիրաբերում բարեգործական նպատակներով։

Բաց աղբյուրների տեղեկություններով՝ Փափազյանը Վորոնեժում էր գործում եւ ղեկավարում էր տեղի հայկական համայնքը։ Նա ղեկավարում էր ձեռնարկությունը, որն Ուկրաինայում շինարարական օբյեկտների համար մրցույթներ էր շահում։

«Կոմերսանտ» թերթը 2006-ին Փափազյանին «Վորոնեժի մարզի հայկական համայնքի առաջնորդ» էր անվանել։ Թերթի տեղեկություններով՝ Փափազյանն այնտեղ բնակություն էր հաստատել 1998–ից եւ դրանից հետո ոչ միայն բիզնես էր դրել, այլ նաեւ հասարակական գործչի կարիերա էր սկսել։ Փափազյանը «ԱՍՊ Տրանսստրոյ» ընկերության համասեփականատերն է, որը զբաղվում է ասֆալտապատման աշխատանքներով։

Նրան էին պատկանում նաեւ VIP դասի «Ժոզեֆինա» համալիրն ու «Նոյյան տապան», «Գարուն» սրճարանները։ Նա ղեկավարում էր նաեւ Քիգբոքսինգի տեղական ֆեդերացիան։ Թերթը նաեւ գրել է, որ Փափազյանին 2006–ին մերժել էին ՌԴ–ում ժամանակավոր կեցության իրավունք տրամադրել։

Ուկրաինական «Նաշե դենգի» պարբերականը 2013–ին գրում էր, որ Փափազյանը Օդեսայի գրանցում ունի, իսկ նրան պատկանող «ԱՍՊ Տրանսստրոյը» 2012 թվականին վերագրանցվել է Արթուր Հարությունյանի անունով։